«Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում». Նշվել է մեծ հերոս Լ.Ազգալդյանի մահվան 20-րդ տարելիցը
Նմանատիպ
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, «Անկախության բանակի» հրամանատար, ֆիզիկոս, ռազմական մեծանուն գործիչ Լեոնիդ Ազգալդյանի մահվան մահվան 20-րդ տարելիցն է: Այս կապակցությամբ Երևանի Մաշտոց Խորենացի փողոցների խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու մոտ հավաքվել էին մեծ հերոսի զինակիցներ, գաղափարակիցները և նրա հիշատակը վառ պահող քաղաքացիները:
ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը հերոսի պատվին հնչեցրել է Հայաստանի օրհնենրգը, այնուհետև պատվո պահակախումբը ծաղկեպսակներ է դրել տարբեր կազմակերպությունների անունից:
«Լեոնիդի նման մարդկանց ես շատ քիչ եմ հանդիպել իմ կյանքում: Նա մի մարդ էր, ով ոչ միայն ռազմական արվեստի գիտակ էր և մեծ հայրենասիրական ոգով էր լցված, այլև այն եզակի մարդկանցից էր, ով կարող էր այդ ամենը մտածված ծառայեցնել հայրենիքին»: Լրագրողների հետ Լ.Ազգալդյանի մասին իր հիշողություններով կիսվելիս ասել է հերոսի զինակից Հովսեփ Հովսեփյանը:
Միջոցառմանը ներկա Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանն (Կոմանդոս) իր հերթին նկատել է, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ. «Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա՝ այդքան գիտակ լինելուց, աշխատանքից, նրա պատրաստվածությունից: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին»:
Լ.Ազգալդյանի մահվան 20-րդ տարելիցին կազմակերպվել են մի շարք միջոցառումներ ՀՀ պաշտպանության նախարարության, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության, «Ապավեն» ՍՊԸ–ի և «Պարադիզ» ընկերության կողմից: Այսօր երեկոյան սպասվում է նաև հերոսին նվիրված հուշ երեկո:
Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների, հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լ.Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Լեոնիդը մի առիթով ասել էր. «Եթե ձեզ ասեն՝ ես զոհվել եմ, մի հավատացեք. ես Ստամբուլի մոտ եմ ընկնելու»: 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ նա զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։
50 տարեկանը չբոլորած հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում