Էդ.Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել «Ռիո+20»-ի շրջանակներում
Նմանատիպ
Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և բարեփոխումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման մասին: Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հարվիրեց այցելել Շրի Լանկա:
Գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում