Երևանի և Մարսելի միջև համագործակցությունը 20 տարեկան է
Նմանատիպ
Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք: Այցի առաջին օրը’ հունիսի 21–ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ՝ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությա հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Երևանի և Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր և ջերմ հարաբերությունների համապատկերում, Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը համակողմանիորեն ընդգրկուն է:
«Վստահեցնում եմ Ձեզ պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր քաղաքների միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և կշարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի և նորանոր հաջողություններ արձանագրի»- նշել է Ժան-Կլոդ Գոդենը:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին և հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը: «Մարսելի և Երևանի 20-ամյա համագործակցությունը ևս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և, եթե հաշվի առնենք նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնաման ու ամրապնդման գործում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Անդրադառնալով Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջև գործակցության առկա ներուժին և զարգացման հեռանկարներին համահունչ՝ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը: Երևանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաև Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երևանի ներդրումային դաշտը և առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երևանում։
Նույն օրը Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս–հայկական առևտրաարդյունաբերական պալատի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը ներկայացրել է Երևանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը: Հանդիպմանը ներկա ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու’ Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ ներկայում քննարկվում է Երևանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար և վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում կաջակցի Երևանում իրականացվող ծրագրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում