Գերմանիայի դեսպանին հյուրընկալել են Մայր Աթոռում

Հունիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին’ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Մայր Աթոռի մամլո դիվանի փոխանցմամբ՝ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի դեսպանին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը կարևոր նպաստ բերելու համար:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Գերմանիայի հայկական համայնքին, նրա կրոնական և մշակութային կյանքին:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում