Հայաստանի պատվիրակությունը քննարկումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը՝ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին ՀՀ սահմանների վրա, ինչպես նաև սահմանագծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:

Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորեցին Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Որպես քաղաքական երկխոսության առաջընթաց գնահատվեց մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պատվիրակները վերահաստատեցին իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում