ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են Սիվիլիթաս և պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը
Նմանատիպ
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:
Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Սիվիլիթաս հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ’ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում’ ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Նշենք նաև, որ Վ.Օսկանյանն արդեն երեք անգամ ծանուցագիր է ստացել ԱԱԾ ներկայանալու համար, սակայն հրաժարվել է ներկայանալ՝ բացատրելով իր որոշումը նրանով, որ իրքը գործում ներգրավված է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ:
Այսօր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, մեկնաբանելով վերոնշյալ քրգործի զարգացումները, մասնավորապես ասել է. «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքն ազնիվ է, որ ամեն ինչը ճիշտ չէ, այս կամ այն մարդը սխալ է և այլն: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում