Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը Հայաստանում է
Նմանատիպ
Ս.թ. հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Պատվիրակությունները քննարկել են հայ-լիտվական պաշտպանական համագործակցության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ԼՂ հակամարտությանն առնչվող քննարկումների ժամանակ լիտվական կողմը նշել է, որ իրենք կողմ են հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-լիտվական պաշտպանական համագործակցության իրավական հիմք հանդիսացող և 2002 թվականից գործող նախկին համաձայնագրի որոշ դրույթներ՝ Լիտվայի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ դառնալուց հետո կորցրել էին իրենց արդիականությունը, բացի դրանից՝ անհրաժեշտություն էր առաջացել համաձայնագրի դրույթները համապատասխանեցնել զարգացող հայ-լիտվական պաշտպանական համագործակցության պահանջներին: Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանական քաղաքականության և ռազմավարության, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման, միջազգային խաղաղության աջակցման, մարդասիրական գործողությունների, թիկունքային ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին և ներկա գտնվել մարտական հերթապահության, խաղաղապահ առաքելության տարրերի և հատուկ նշանակության ուժերի ցուցադրությանը:
Այցի շրջանակերում Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունեն ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում