Էդ.Նալբանդյան.«Վերջին տարիներին հայ-լիտվական համագործակցությունը նոր լիցք է ստացել»
Նմանատիպ
Հունիսի 25-ին Նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Լիտվայի պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Վերջին տարիներին հայ-լիտվական համագործակցությունը նոր լիցք է ստացել, որը նշանավորվեց անցյալ տարի կայացած Լիտվայի նախագահի այցով Հայաստան, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով»:
Նախարար Նալբանդյանի խոսքերով թե քաղաքական երկխոսության, թե միջխորհրդարանական կապերի և թե մշակութային փոխանակումների առումով համագործակցությունը նշանակալի զարգացում է ապրել: ԱԳ նախարարը նշեց, որ այդ գործընթացում լուրջ դեր խաղաց Հայաստանի դեսպանության բացումը Վիլնյուսում:
Լիտվայի պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված բազմաբնույթ համագործակցությունը, որի կարևոր բաղադրիչ են հանդիսանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հաստատված հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային օրակարգի խնդիրներ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում