«Հարսնաքարի» գործով 7-րդ ձերբակալվածն ազատ է արձակվել

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի գործով ձերբակալված 7-րդ կասկածյալը՝ համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում պարզաբանեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա ճանաչման է ներկայացվել տուժողին, և վերջինս նրան չի ճանաչել:

Այսպիսով, «Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը:

Նրանք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը, ՀՀ ՊՆ կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը և զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Վ.Ավետյանի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկու տուժածներին՝ կայուն ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում