Ծիրանի առատ բերքի կանխատեսումներն արդարացվել են

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կանխատեսումները՝ կապված ծիրանի առատ բերքի հետ, արդարացել են: Ասվածի վկայությունը շուրջ տասն օր առաջ սկսված ծիրանի բերքահավաքի առաջին ամփոփումներն են, որոնք զգալիորեն գերազանցում են 2011-ի ցուցանիշները: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես, նախորդ տարվա 2300 տոննայի փոխարեն այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է 3500 տոննա ծիրան: Տեղական վերամշակող կազմակերպությունները, որոնք բոլորն ի դեպ սկսել են ծիրանի մթերումը, արդեն ընդունել են 2000 տոննա ծիրան, այն դեպքում, երբ 2011-ի մթերման ընդհանուր ցուցանիշը ընդամենը 2800 տոննա էր:

Բերքն առատ է, ուստի նախորդ տարիներից զգալիորեն ցածր գները շուկայում գյուղացիները խելամիտ և հիմնավորված են համարում:

Գյուղնախարարությունից նաև տեղեկացնում են, որ նույնպիսի առատ բերք է սպասվում նաև դեղձենու այգիներից:

Այսօր Արարատի մարզ կատարած այցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծիրանի բերքահավաքը կարճ է տևում: «Թեև թե արտահանումների, թե մթերումների համար բավարար նախապատրաստական աշխատանքներ կատարվել են, սակայն բերքահավաքը այդ ամենի պիկն է,և մենք ամենօրյա գործուն ուշադրությամբ պետք է աշխատենք օպերատիվորեն արձագանքել բոլոր ծագող խնդիրներին»,- նշել է Ս. Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում