Մեկնարկել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը
Նմանատիպ
Ս.թ հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը: ԱԱԽ անդամները ներկայացրել են առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ:
Հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը՝ որոշում է ընդունվել համապատասխան գործողությունների իրականացման և օգնություն ստանալու նպատակով ՀԱՊԿ անդամ պետություններին դիմելու վերաբերյալ:
Անցկացվող վարժանքների շրջանակում հրավիրվել է նաև ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ են տրվել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
Համատեղ վարժանքները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում