Պրահայում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով
Նմանատիպ
Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող «9 դարպաս» փառատոնի շրջանակներում «Չարիքի հնէաբանության» ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը:
Պրահայի «Վիոլա» թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան և հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան և Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» ստեղծագործությանը՝ նշելով, որ Չեխիայի հայ համայնքը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում նաև մեծանուն նովելիստին՝ ծաղիկներ դնելով Պրահայում գտնվող նրա տան շեմին:
Այնուհետև դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ միաժամանակ մասնակիցներին ներկայացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը: Արարողության ավարտին DG307 համույթը ներկայացրեց չեխ հայտնի գրող Պավել Զայիչեկի գրական-երաժշտական նոր կոմպոզիցիան՝ հեղինակի մասնակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես եկավ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը: Հայոց ցեղասպանությանը և պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձավ նաև Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լևինը: Ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում