Բնապահպանները մտահոգված են. «Լաստիվերում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման»
Նմանատիպ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարաին՝ Լաստիվերի շրջակայքում նախատեսվող ՓՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Times.am-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ.
«ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Հարգելի պարոն նախարար.
Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների պաշտոնական կայքէջերից տեղեկացվել ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ՝ «Խաչաղբյուր-1» անվամբ՝ 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա: Սակայն պատրաստվում է կառուցվել ևս 2-րդը՝ «Խաչաղբյուր-2» անվամբ՝ 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են «Քարևարդ» ՍՊ ընկերությանը:
Բացի այդ, տեղեկացված ենք նաև, որ դեռևս 2011թ. հուլիսի 7-ին նույն գետի և նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլատրություն՝ հետագայում ևս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է «ԱԹՎԱ» ՍՊ ընկերթությանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լաստիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով, մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը:
Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների:
Մենք, պնդում ենք, որ մինչև ցանակացած թույլատրություն տալը ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է սկզբնական փուլում լուրջ ուսումնասիրություն և գնահատում իրականացնի, հաշվի առնելով բոլոր տեսակի վտանգները՝ ներգրավելով նաև հանրությանն ու ոլորտի մասնագետներին, որպեսզի հետագայում չունենանք բնությանը և շրջակա միջավայրին հասցված անդառնալի կորուստներ, որոնց վերականգնելը շատ բարդ է և ժամանակատար:
Ելնելով վերոշարադրյալից, խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն մեզ տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները:
Մեր կողմից մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարությանը վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում