Հայ փրկարարները պատրաստ են աջակցել Վրաստանին
Նմանատիպ
Վրաստանի արևմտյան հատվածներում ջրհեղեղներ են՝ գետերի՝ հունից դուրս գալու պատճառով: Մի քանի գյուղում ավերածություններ են, էներգահամակարգը կաթվածահար է եղել: Բնակչության մի մասն արդեն տարհանվել է աղետի բայրից: Հանրապետությունում արտակարգ իրավիճակի պատճառով նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդհատել է իր այցը Ադրբեջան:
«Արմենպրես»-ի խնդրանքով՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նշել է, որ հայ փրկարարները պատրաստ են օգնություն ցուցաբերել Վրաստանի ժողովրդին՝ երկրի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու գործում:
«Հայ փրկարարները միշտ էլ պատրաստ են օգնություն ցուցաբերել աղետի մեջ գտնվող ժողովրդին: Սակայն դեռևս նման խնդրանք կամ դիմում վրացական կողմից չի ստացվել»,- ասաց Գրիգորյանը:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանն էլ գործակալությանը հայտնել է, որ Վրաստանից դեպի Հայաստան եկող երկաթգիծը վնաս չի կրել. «Գնացքը բնականոն ընթացքով շարունակում է երթևեկը, ինչպես Երևանից մեկնող, այնպես էլ’ վերադարձողը: Ջրհեղեղը ոչ մի կերպ չի անդրադարձել երկաթգծի աշխատանքի վրա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում