Տ.Սարգսյանը հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ներկայացուցիչների հետ
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին, տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից:
Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:
Տիգրան Սարգսյանը պետության զարգացման և հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձևավորումը: Վարչապետը վստահեցրել, որ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք:
«Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի ամուր պետություն չի կարող լինել»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, մեր երկրում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում