ԵԽ նախագահը պաշտոնական այցով կժամանի տարածաշրջան

Հուլիսի 3-5-ը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը պաշտոնական այցով կժամանի Հարավկովկասյան տարածաշրջան: ԵԽ նախագահը նախ կլինի Հայաստանում, ապա կմեկնի Վրաստան և Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից, Հ.Ռոմպույը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին:

Նախագահ Ռոմպոյը նաև բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջև, ինչպես նաև կայցելի Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՕ ցուցահանդեսներին: Այնուհետև նա կարճատև այց կկատարի Զվարթնոցի տաճար:

Հանդիպումների ընթացքում վան Ռոմպույը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին, տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Երևանում սպասվում է նաև Վան Ռոմպույի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում