Բաքվի ծեծված ռազմավարությունը չի փոխվում

Ճիշտ երկու շաբաթ էր անցել սեպտեմբերի 4-ին Նյուպորտում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից, երբ կրկին ադրբեջնական կողմը, չանսալով համանախագահների կոչին և դրժելով գործընթացի խաղաղ կարգավորման վերաբերյալ տված իր խոստումները, հրազենի միջոցով արցախա-ադրբեջանական սահմանին հայ զինվոր սպանեց:

Թվում էր՝ ամառային հնգօրյա միկրոպատերազմից և Սոչիում կայացած բանակցություններից հետո սահմանին փխրուն կայունություն էր հաստատվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ապացուցեց, որ վստահել թուրքին՝ նշանակում է կասկածի տակ դնել մեր անվտանգությունն ու զինվորների կյանքը:

Երբ 20 տարի ձգձգվող բանակցային գործընթացում անընդհատ շեշտվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին և հավասարության նժար է դրվում Հայստանի ու Ադրբեջանի միջև, կարծում ենք, համանախագահները պարզապես աչք են փակում իրականության վրա:

Հայկական կողմը սահմանին հրադադարի պահպանման երաշխավորն է, սակայն երբ այն խախտվում է հակառակորդի կոմից,ապա մենք գիտենք համարժեք պատասխան տալ՝ լռեցնելու թշնամու կրակոցները:

Բազմիցս նշվել է, որ հակառակորդն ամեն անգամ ակտիվանում է նախագահների հանդիպումից առաջ: Այս թեզը նմանվում է հին երգի, որ տարիներ շարունակ երգվում է մեր փորձագիտական շրջանակների կողմից: Սակայն Ադրբեջանի նման հակառակորդի ունենալու դեպքում, սա ոչ թե մեր փորձագիտական մտքի տկարության մասին է վկայում, այլ մեր հարևան երկրի կանխատեսելի ռազմավարության: Այո՛, Ադրբեջանը տարիներ շարունակ չի փոխում իր ռազմավարությունը: Ալիևն ամեն անգամ փորձում Հայաստանի նախագահների հետ հանդիպումից առաջ հանդես գալ հաղթողի դիրքերից:

Երևի թե պարտված պետության ղեկավարները նման բարդույթներ ունեն: Ադրբեջանը տանուլ է տվել լայնամասշտաբ պատերազմը, սակայն ցանկանում է ցույց տալ, որ փոքրիկ մարտերում հաղթանակն իր կողմում է: Ցանկանում է ստիպել հայկական կողմին բանակցային գործընթացում զիջումների գնալ՝ ստեղծելով վերահաս պատերազմում հաղթողի ձախողված կերպար: Սակայն ամեն անգամ նրա փորձերը տապալվում են՝ բանակցային գործընթացում ամրապնդելով հայկական կողմի առանց այն էլ ամուր դիրքերը:

Սեպտեմբերի 18-ին հակառակորդի գնդակից զոհված լեյտենանտ Մհեր Հակոբյանի սպանությունը լիովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանական հին ու ծեծված մարտավարություն. առջևում Սարգսյան-Ալիև հանդիպումն է ԱՄՆ-ում, իսկ սահմանին Ադրբեջանը կրկին կրակում է:

Մնում է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նժար դնող համանախագահներին փաստարկել, որ բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու ակնկալիքներն ապարդյուն են, քանի դեռ բախվում են ադրբեջանական կողմի թշնամական գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում