Էրդողանն ու Դավութօղլուն հակասում են միմյանց

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին նախագահական Չանքայա պալատում կընդունի Իրաքում գերությունից ազատված թուրք դիվանագետներին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող, գերեվարված 49 անձինք ազատ են արձակվել: 101 օրվա գերությունից հետո, սեպտեմբերի 20-ի առավոտյան, թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները բերվել են Շանլըուրֆա:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել կիսատ թողնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցը և վերադարձել է Թուրքիա: Նա անմիջապես մեկնել է Շանլըուրֆա, որտեղ էլ հանդիպել է նախկին գերիների հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն իր անձնական ինքնաթիռով նրանց հետ ուղևորվել է Անկարա:

Հակասական են այս դեպքի առնչությամբ Էրդողանի և Դավութօղլուի բացատրությունները: Էրդողանը կատարվածը մեկնաբանում է, որպես հատուկ գործողության արդյունք, մինչդեռ Դավութօղլուն նշել է, որ  այս ամենը  կատարվել է իրենց կապերի շնորհիվ: Սակայն այս իրարամերժ հայտարարություններից բացի Թուրքիայի վարչապետն ու նախագահը չեն մեկնաբանում, թե ինչպես է տեղի ունեցել մի դեպքում  հատուկ գործողությունը, մյուս դեպքում կապերի հաստատումը: Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում