Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայանցվի հավանաբար հոկտեմբերին

Ֆրանսիայի հայկական համայնքը հուլիսին առաջին անգամ հանդիպելու է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի՝ Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանին:

«Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայանցնի հավանաբար հոկտեմբերին: Այս անգամ եւս ընթացակարգը նույնն է’ քննարկում ԱԺ-ում, ապա’ Սենատում, որից հետո նախագահ Օլանդը պետք է վավերացնի օրինագիծը’ առանց սպասելու, որ այն բողոքարկվի եւ ուղարկվի Սահմանադրական խորհուրդ»,- գործակալության համար նշել է Վարժապետյանը:

Նրա խոսքով’ հենց այս հարցերն են, որ հայ համայնքը քննարկելու է նախագահի հետ առաջին հանդիպման ընթացքում: Միասնաբար պետք է պատրաստվի նոր օրինագիծ, որի համար նախագահի վարչակազմի հետ մեկտեղ պետք է մասնակցեն հայ մասնագետներ եւ համայնքի քաղաքական ներկայացուցիչներ: Օլանդի հետ հանդիպումից հետո կհստակեցվեն բոլոր հարցերը:

«Թուրքիան այս անգամ եւս ամեն գնով կփորձի խոչընդոտել գործընթացին: Թուրքական կողմը Օլանդի մոտ արդեն հակաքարոզչություն է իրականացնում, սակայն հայ համայնքը եւս վճռական է, եւ գնալու ենք մինչեւ օրինագծի ընդունումը, որպեսզի Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտողականությունն օրենքի ուժով պատժելի լինի»,-նշեց Հայ դատի’ Ֆրանսիայի գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով’ սոցիալիստների իշխանության պարագայում շատ ավելի լուրջ եւ հաստատ պետք է լինի այդ օրինագծի ներկայացումն ու ընդունումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում