Թուրքիան փակել է Սիրիայի հետ անցակետերի մեծ մասը

Թուրքիային սահմանակից Սիրիայի Քոբանե քրդաբնակ քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների պատճառով թուրքական պետությունը որոշում է կայացրել կրկին փակել սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Թուրքիան երկու օրով բացել էր սահմանային անցակետերը` կապված թուրքական սահմանին Սիրիայից մեծ թվով փախստականների (գերազանցապես քրդերի) կուտակումների հետ: Այս ընթացքում, համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալների, Թուրքիա է անցել շուրջ 130 հազար փախստական:

Հաշվի առնելով սահմանին իսլամիստ ահաբեկիչների առկայությունը և դրանից բխող վտանգները` Թուրքիան 30 կիլոմետր ձգվող, այն էլ Արաբ սահմանային շրջանում գտնվող 8 անցակետերից բաց է թողել միայն 2-ը:

«Իսլամական պետություն» կազմակերպության անդամներն արդեն գրավել են թուրքական սահմանին տեղակայված 64 քրդական գյուղ: Թուրքիայի հետ սահմանին արդեն բարձրացվել է իսլամիստական կազմակերպության դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում