Հայաստանն ու Իրանը բանակցում են իրանական գազը Հայաստան առաքելու և դեպի Եվրոպա տարանցելու շուրջ. Ռեյիսի

Իրանական կողմը բազմիցս է ակնարկել Հայաստան իրանական էներգակիրների առաքման և Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Արևմուտք տարանցելու հնարավորության մասին:

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լրագրողները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիից փորձեցին ճշտել՝ արդյոք ՀՀ կառավարությունից այս առնչությամբ արձագանք ստացվե՞լ է, դեսպանը հիշեցրեց, որ այս և այլ ուղղություններով  Հայաստանն ու Իրանն ակտիվ բանակցություններ են վարում՝ հիշեցնելով, որ առաջիկայում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ է լինելու, ինչն ենթադրում է, որ մոտ ապագայում այս հարցի հետ կապված գուցե նորություն լինի:

Ինչ վերաբերում է Իրանի նախագահի Հայաստան այցին, Ռեյիսին ասաց, որ այն անպայման կայանալու է, սակայն, ժամկետը դեռ որոշված չէ.

«Դուք գիտեք, որ նախագահների այցելության համար պետք են հատուկ ծրագրեր և ծրագրերի մշակում: Այդ ժամկետը երբ հստակեցվի, մենք տեղյակ կպահենք: Սովորաբար այս այցերը կատարվում են երկկողմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպել են 2013-ի օգոստոսի 5-ին` Թեհրանում: Իսկ Ռոհանիի` Հայաստան այցի հրավերը Իրանի նախագահին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` այս տարվա մայիսին ԻԻՀ կատարած այցի ընթացքում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում