Թուրքիայի նախագահական նոր նստավայրը կրկնօրինակում է ԱՄՆ Սպիտակ տունը

Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար հատուկ կառուցված նախագահական «Սպիտակ տուն» անվանումը կրող նստավայրը պաշտոնապես կբացվի հոկտեմբերի 29-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նախագահականի շենքն իր մեծությամբ հավասար է ֆուտբոլային 50 դաշտի, այն զբաղեցնում է 300 հազար քմ տարածություն:

Նմանակելով նախագահական նստավայրի ամերիկյան տարբերակը` Էրդողանի նստավայրը ևս կունենա Օվալաձև սենյակ: Նշվում է, որ այն նախագծված է որպես խլացված սենյակ, որտեղ անհնար կլինի որևէ գաղտնալսում իրականացնել:

Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանը որոշում էր կայացրել այլևս չօգտագործել երկրի հանրապետական պատմության ողջ ընթացքում նախագահական նստավայր հանդիսացող Չանքայա պալատը: Այդպիսով, նա հրաժարվել էր որպես նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասաբյանների ընտանիքին պատկանած և Հայոց ցեղասպանության արդյունքում նրանցից խլված շինությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում