ՀՀ գյուղնախարարը և բնական պաշարների նախարարը կաջակցեն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին
Նմանատիպ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով պատրաստակամություն հայտնեցին աջակցել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին, քիմիական պարարտանյութերի արտադրությունը տվյալ ընկերությունում վերսկսելու հարցերում: Այս մասին հայտնում են ՀՀ Գյուղատնտեսության մամլո ծառայությունից:
Նշվեց, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հետևյալ պարարտանյութերի արտադրությունը’
1. «Կարբամիդ» 46 % ազոտի պարունակությամբ,
2. «Ամոնիումի սուլֆատ» 20-20.5 % ազոտի պարունակությամբ,
3. Կալիում պարունակող պարարտանյութ:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Այնուհետև սկսվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի ասուլիսը ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ: Նշվեց, որ ըստ օպերատիվ տվյալների հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է շուրջ 312 հազ. հա, նախորդ
տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց, արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. կազմել է 69.5 %, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Օպերատիվ տվյալներով ընթացիկ տարում նախորդ տարվանից ավել է ցանվել 21.5 հազ. հա հացահատիկ և 2.8 հազ.
հա կարտոֆիլ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված գյուղատնտեսական
արտադրանքի արժեքը կազմել է 150.1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.2
%-ով: Ընդ որում բուսաբուծությունում աճը կազմել է 7.8 %, իսկ անասնապահությունում’ 0.9 %: 2012թ. մայիս ամսվա գյուղատնտեսական արտադրանքի ծավալները գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը’ 4.4 %-ով:
Դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսական մթերքների իրացման բնագավառում: Սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:
Սույն թվականի հունիսի 29-ի դրությամբ կնքվել է 4328 պայմանգիր, որից 3344-ը՝ խաղողի և 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն. դրամ կանխավճար և 191.1 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:
Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 8302.58 տոննա պտուղբանջարեղեն, որից’ 6170.05 տոննա ծիրան, 391.06 տոննա կեռաս, 2.15 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր
4360.87 տոննա պտուղբանջարեղեն, որից 2800.15 տոննա ծիրան, 344.5 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր և 326.16 տոննա խաղող:
Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 3858.6 տոննա
պտուղբանջարեղեն, որից 3407.7 պտուղ, այդ թվում՝ 2411.1 տոննա ծիրան և 450.9 տոննա բանջարեղեն:
Նախարարը անդրադարձավ նաև պետական աջակցության ծրագրերին, առանձնացնելով հատկապես`
• «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության»,
• «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության»,
• «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին»,
• «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»,
• «Բույսերի պաշտպանությանմիջոցառումների»
• «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման»
• «Տոհմային կենդանիների ներմուծման միջոցառումներ,
• «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման»,
• «Գյուղական խորհրդատվական ծառայություններ»,
• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրերը:
Նշված ծրագրերը իրենց անմիջական դրական ազդեցությունը կունենան գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագագործման մակարդակի
բարձրացման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման և մրցունակության բարձրացման վրա: