Իրաքում ականապատ մեքենայի պայթյունից 90 մարդ է տուժել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում ականապատ մեքենայի պայթյունից 20 մարդ զոհվել է, ևս 70-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ մահապարտ-ահաբեկիչը սեպտեմբերի 23-ի երեկոյան իրականացրել է պայթյունը Սադր քաղաքում: Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, զոհերի թիվը կարող է փոխվել, քանի որ վիրավորներից շատերը ծանր վիճակում են: Պայթյունն իրականացվել է Մադինա թաղամասում, որտեղ բնակվում են մեծ մասամբ շիաներ:

Իրաքում շարունակվում է պայքարը ԻԼԻՊ խմբավորման դեմ: Բաակուբայի շրջանի Թաբբա գյուղում բախումներ են սկսվել իրաքյան բանակի և ահաբեկիչների միջև, որի հետևանքով իրաքյան բանակի 7 զինծառայողներ են զոհվել, ևս 9-ը վիրավորվել են: Իրաքյան ուժերը օդային հարվածներ են հասցրել Բաակուբայի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով 22 զինյալ սպանվել են, տասնյակներ վիրավորվել են: Միևնույն ժամանակ` ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Անբարի մարզում: Անբարի հիվանդանոցներում ԻԼԻՊ-ի 48 անդամների դիակներ են հայտնաբերվել: ԱՄՆ-ը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի 80 հենակետերի ուղղությամբ:

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է ԻԼԻՊ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրի մեկ երրորդը հայտնվել է խմբավորման վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում