Սասունյանն առաջարկում է ՀՀ իշխանություններից անկախ Սփյուռքի դեմոկրատիկ կառույց ստեղծել

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անկախ բովանդակության լավ  կամ վատ, զգացմունքային կամ փաստարկված լինելուն, դրական է գնահատում Հայաստան-Սփյուռք օրեր առաջ ավարտված համաժողովը և, առհասարակ, նման հավաքները՝ նկատելով, որ այն նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը հենց սփյուռքահայերի միջև, որոնք ապրում են աշխարհի տարբեր անկյուններում:

Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015-ից հետո «Համահայկական խորհուրդ»-ի վերանվանելու առաջարկին, որը պիտի զբաղվի համահայկական հրատապ խնդիրներով, Հարութ Սասունյանն ասաց, որ ինքն այս գաղափարը  շատ ավելի վաղ է առաջադրել, ընդ որում՝  նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամն ընդլայնելու  տարբերակով: Ավելին, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիրը մշակել է մի ծրագիր, որով առաջարկում է ստեղծել Սփյուռքի մի կառույց, որը կձևավորվի դեմոկրատական ընտրությունների  միջոցով` «մեկ հայ` մեկ քվե» սկզբունքով և իրավունք կունենա սփյուռքահայության անունից խոսել և համագործակցել ՀՀ-ի և ԼՂՀ-ի իշխանությունների հետ.

«Հիլարի Քլինթոնը հանդիպում էր նշանակել ամերիկահայերի հետ, սկսեցին վիճել, թե ավելի քան 1 մլն. ամերիկահայությունից ով պիտի գնա Վաշինգտոն, վեճն այնքան սրվեց, որ հանդիպումը չկայացավ»,- հիշեց Սասունյանը՝ վստահեցնելով, որ իր նախագծած կառույցը որևէ կապ չի ունենալու ՀՀ կառավարության հետ, չի լինելու որևէ մեկի հսկողության տակ:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում