Սասունյանը Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը չի համարում Արամ Ա-ի պահանջին պատասխան քայլ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի  հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ճիշտ և տեղին է համարում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսի որոշումը՝ դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով Սիսի կաթողիկոսարանը: Վերջինը հիշեցրեց, որ տասը տարի շարունակ պահանջատիրական նման առաջարկներ է ներկայացրել ՀՀ ղեկավարությանը, հոգևոր դասին և կուսակցապետերին, քանի որ գտնում է, որ  ճանաչման պահանջն արդեն կորցրել է իր ուժը և վաղուց ժամանակն է, որ հայկական հարցը տեղափոխվի իրավական հարթություն:

«Չենք կարող անընդհատ ասել՝ ճանաչում, ճանաչում, սա մեզ ոչինչ չի տա: Ճանաչման պահանջն ի զորու էր այն ժամանակ, երբ աշխարհը չգիտեր՝  ինչ է այդ ցեղասպանությունը և ովքեր են հայերը: Այդ աշխատանքը մենք հաջող  ձևով արել ենք, բայց վերջին տարիներին այլևս անիմաստ է մեր քիչ ռեսուրսները վատնել սրա վրա»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ Թուրքիայի համար շարունակում ենք գլխացավանք լինել, իսկ տարբեր ակցիաներով, գրքերի հրատարակություններով   նեղ դրության մեջ ենք դնում նրանց: 

«Թուրքերը որոշ բաներ պատրաստ են մեզ տալու, քանի որ մենք գլխացավ ենք դարձել իրենց համար ու դրանից ազատվելու համար պատրաստ են իրականում
զիջումների»,-վստահ է Սասունյանը:

Ինչ վերաբերում է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը և այն որպես Արամ Ա-ի պահանջին պատասխան քայլ դիտարկելուն, Հարութ Սասունյանը դրանց միջև կապ չտեսավ՝ միաժամանակ հիշեցնելով, որ ISIS-ի գրոհայիններին Թուրքիան աջակցել է Ասադին ոչնչացնելու ծրագրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում