Սիրիան ճշգրիտ է համարում ԱՄՆ-ի հարվածների ուղղությունը

Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հեյդարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ օդային հարվածները ԻԼԻՊ-ի դեմ ճիշտ ուղղությամբ են ընթանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարը նաև ավելացրել է, որ քաղաքացիները և պետական հաստատությունները չեն տուժել ռմբակոծություններից:

ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերականգնել է Հոմսի Բաղիտ շրջանի կայունությունն ու անվտանգությունը՝ ոչնչացնելով տասնյակ զինյալների: Սիրիական օդային ուժերը այժմ ռմբակոծում են ԻԼԻՊ-ի դիրքերը Դեր Զորի օդանավակայանում և Շուլա գյուղում, Հոմսի Ակրիբաթ գյուղում: Բացի այդ, թեժ մարտեր են ընթանում Հալեպի հյուսիսում ԻԼԻՊ-ի և զինված այլ խմբավորումների միջև:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Դամասկոսի մի քանի թաղամասերում հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 10 քաղաքացի է վիրավորվել: Հրասանդներն ընկել են Ադաուի, Ֆիրդուս, Մազրաա, Մուհաջիրին, Ազբաքիա, Աբբասիին թաղամասերում և Սաբաա Բահրաթ հրապարակի մերձակայաքում:

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ը և դաշնակից երկրները առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Ռմբակոծություններին մասնակցել են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Քաթարը: Ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են կործանիչներ, հրթիռներ, ռմբակոծիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում