ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ է ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որը պետություններին պարտավորեցնում է «կանխել ու կասեցնել» քաղաքացիների մասնակցությունն արտասահմանյան հակամարտություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Բացի այդ, օտարերկրացիների հավաքագրումը մարտական խմբավորումներում եւ դրա խրախուսումը, բանաձեւի համաձայն, պետք է քրեական հետապնդման ենթարկվեն: Նման որոշում է ընդունվել «Իսլամական պետության» ագրեսիվ գործողությունների ուժեղացման կապակցությամբ:

Փորձագետները հայտարարում են, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղական խմբավորումների կողմում կռվում են ավելի քան 70 երկրների շուրջ 12 հազար մարտիկներ:

Բանաձեւն առաջարկել էր Միացյալ Նահանգները, որը սեպտեմբերին նախագահում է Անվտանգության Խորհուրդը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած սեպտեմբերի 24-ի իր ուղերձում հայտարարել է, որ այդ բանաձեւն աշխարհին հիշեցնում է ծայրահեղականությանը հակազդելու նրա պատասխանատվության մասին:

«Հաջորդ տարի մենք բոլորս պետք է պատրաստ լինենք հրապարակել այն կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկել ենք մեր երկրներում ծայրահեղական գաղափարախոսությունների դեմ պայքարելու համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում