Հունաստանը և Նիդերլանդները կմասնակցեն ԻԼԻՊ-ի դեմ պայքարին

Հունաստանը կմասնակցի ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հունաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը: Նրա խոսքով` Հունաստանը ողջունել է ԻԼԻՊ դեմ միջազգային դաշինքի կազմավորումը: Հունաստանի մասնակցությունը կլինի մարդասիրական օգնության, ինչպես նաև իրաքյան Քրդստանին զենք մատակարարելու տեսքով:

Նիդերլանդների կառավարությունը Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար կուղարկի Ֆ-16 տեսակի 6 կործանիչներ: Կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ, այդ երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցը, ռազմական ինքնաթիռներ կուղարկի ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կօգնի իրաքցի և քուրդ զինծառայողներին` զինպատրաստության գործում:

ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն արդեն մի քանի օր է, ինչ օդային հարվածներն են հասցնում Իրաքում և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ աջակցություն է ստանում ավելի քան 50 երկրներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում