Ինչո՞վ են զբաղված ԱԺ պատգամավորները արձակուրդի ընթացքում

Վերջին մի քանի օրերին ՀՀ ՊՆ մայոր Վահե Ավետյանի ողբերգական մահն ամենաշատ քննարկվող թեման է հայկական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել են մի շարք խմբեր ու նախաձեռնություններ, որոնք պահանջում են պատժել մեղավորներին: Նախաձեռնությունների անդամները պահանջում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ՀՀ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից, հեռացնել նրան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Slaq.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրն էլ հայտարարում է, թե իրեն վտանգ է սպառնում Ռուբեն Հայրապետյանից՝ «Հարսնաքարի գործն անաչառ քննելու համար»:

Լրագրողներն այս օրերին փորձում են մեկնաբանություններ ստանալ տարբեր պատգամավորներից հենց այս թեմաներով: Սակայն ինչպես ցույց տվեց փորձը, պատգամավորները խուսափում են լրագրողներից:

Times.am-ը երեկվանից փորձում է կապ հաստատել պատգամավոր Սամվել Բալասանյանի հետ, սակայն նրա հեռախոսազանգերին պատասխանում է օգնականը: Ս. Բալասանյանի օգնական Զոհրաբ Եգանյանը Times.am-ի հետ զրույցում ասաց, թե Բալասանյանը շատ զբաղված է, եւ ինքը չգիտի էլ, թե երբ հնարավոր կլինի խոսել պատգամավորի հետ: Հետաքրքիր է, թե այդ ինչո՞վ է այդպես զբաղված պատգամավորը արձակուրդի շրջանում, որ լրագրողի հետ խոսելու համար հինգ րոպե անգամ չգտավ երկու օրվա մեջ:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Ռ. Հայրապետյանի ընկեր Սամվել Ալեքսանյանից, սակայն ո´չ պատգամավորը, ո´չ էլ գոնե նրա օգնականն ընդհանրապես չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում