Մանասյանը «գրողի ծոցը» ֆուտբոլային դիվանագիտության ձախողման խոստովանություն չի համարում

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հետևել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և ինչպես միշտ ուշադրություն դարձրել օգտագործված ձևակերպումներին: Մանասյանը տնտեսական և քաղաքական առումով ճիշտ է համարում  «Օսմանյան կայսրություն» ձևակերպման  չօգտագործումը, քանի որ Հայոց ցեղասպանությունն իրականացրել է ոչ միայն Օսմանյան կայսրությունը, այլև Թուրքիայի Հանրապետությունը:

«Հայոց ցեղասպանությունը չկապել զուտ Օսմանյան կայսրության հետ, այլ կապել Թուրքիայի հետ. սա շատ ճիշտ մոտեցում է»,– լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա: Այլ հարց է, որ ժխտումը ցեղասպանության հանցագործության ոչ թե  փուլերից մեկն է, այլ շարունակությունը: 

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված դիտարկումներին, Ալեքսանդր Մանասյանը շեշտեց, որ Հայաստանը վաղուց պիտի հրաժարվեր  արձանագրություններից, այնուամենայնիվ, խորհրդարանից արձանագրությունների հետկանչի մասին նման բարձր ամբիոնից հայտարարելը դիվանագիտական ճիշտ մոտեցում էր:

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահի այս մասով ելույթն ըստ էության ֆուտբոլային դիվանագիտության ձախողման խոստովանություն էր, քաղաքագետը չհամաձայնեց՝ ասելով, թե ինքն էլ եթե նախագահ լիներ նույն քայլին կգնար: Ավելին, եթե չլիներ ֆուտբոլային դիվանագիտությունը՝ չէր բացահայտվի Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Երկար ժամանակ գնդակը թուրքերի դաշտում էր, ընկերը չէր խաղում, և այդ խաղն անիմաստ էր դարձել: Միջազգային հանրությունն այդ ելույթից հետո հասկացավ, որ գործընթացը ձախողվել է Թուրքիայի պատճառով»,-եզրափակեց Մանասյանը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում