Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը պահանջում է խստագույնս պատժել Վ.Ավետյանի սպանության բոլոր մեղավորներին
Նմանատիպ
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը հայտարարություն է տարածել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ: Times.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված ռազմական բժիշկներից բուժծառայության մայոր Վահե Ավետյանի մահվան գույժը ցնցեց Գերմանիայում բնակվող հայերիս: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը խորը կսկիծով իր ցավակցությունն է հայտնում Ավետյան ընտանիքին, նրա բոլոր սգակիր հարազատներին և Հայաստանի Հանրապետությունում ու սփյուռքում բնակվող վշտակից հայ ժողովրդին:
Խիստ մտահոգված Հայաստանի Հանրապետության իշխանական ներկա համակարգի ցավագար վիճակով, որը ստեղծել է անպատժելիության կործանարար մթնոլորտ, հանրապետությունը լցրել լկտի մարդասպաններով ու նրանց հովանավորող նույնքան լկտի օլիգարխներով ու պատգամավորներով, մենք անարգանքի սյունին ենք գամում հանրապետությունը կործանման տանող հանցաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, որոնց բռունցքների հարվածից մահացած, մեզ հրաժեշտ տվեց բոլորիս անվտանգության ամենամեծ երաշխիքը՝ հայ զինվորը:
Որպես հայոց սփյուռքի մի հատված, մենք թիկունք ենք կանգնում Ավետյան ընտանիքին և վշտակից դարձած այն հազարավոր հայերին, որոնք այսօր ըմբոստացել ու Երևանի հրապարակներում արդարորեն պահանջում են համարժեք պատիժ արդեն պետության հիմքերը քանդող ոճրագործներին: Մենք բոլորս ենք դարձել նրանց զոհերը: Տարիներ ի վեր ակնհայտ անօրենությունը, դաժանություններն ու անընդհատ մեզ հասնող սարսափի տեսարանների մամուլի նկարագրություններն ու ձայնագրությունները, կտրում են հայրենիք վեռադառնալ ցանկացող հայ ընտանիքների ու երիտասարդների վերջին հույսերը: Դրան զուգահեռ’ պետական մարմինների կողմից լքված ու դառնացած, հանրապետությունից ամեն օր Գերմանիա տեղափոխվող բազմաթիվ ընտանիքներ ու անհատներ անասելի ճիգեր են գործադրում այստեղ բնակություն հաստատելու համար, մաշում իրենց երիտասարդ տարիները կեցության և այլ իրավունքների ձեռք բերման հոգետանջ և հաճախ անպտուղ գործընթացներում’ հուսալով գոնե այստեղ ապահովել իրենց և իրենց երեխաների մարդավայել ապագան:
Մենք գտնում ենք, որ հանրապետությունում գործող յուրաքանչյուր հանցագործ, լինի դա թիկնապահ, գործարար, պատգամավոր, նախարար թե այլ բարձրաստիճան այր, որպես ներքին թշնամի հայ ժողովրդի համար շատ ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամիները, որոնց, չնայած մեր անհավասար ուժերին’ հաջողությամբ դիմադում և հաղթում ենք:
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչությունը ՀՀ իշխանություններից պահանջում է խստագույնս պատժել հերթական սպանության բոլոր մեղավորներին, բացահայտել ու հրապարակայնորեն դատապարտել նախկին բոլոր չբացահայտված սպանությունները, վերջ տալ ժողովրդի գլխին պատուհաս դարձած «թիկնազորական» ներկա խեղկատակությանը, և վերջապես բոլոր անբան պատգամավորներին զրկել ապօրինաբար ձեռք բերած իրենց արտոնություններից: Երկրում պետք է հաստատվի սոցիալական արդարություն, վարվի ողջամիտ ներքին ու արտաքին քաղաքականություն, մեր հայրենակիցներին հնարավորություն տրվի արժանավայել ու պետության կողմից պաշտպանված ապրել ու գործել իրենց գյուղերում և քաղաքներում, որպեսզի նրանք այլևս չմտածեն կիսել պանդուխտի մեր ճակատագիրը, այլ շենանան ու շենացնեն մեր երկիրը, այլապես այս վիճակի շարունակությունը կտանի Հայոց աշխարհի վերջին ազատ մնացած մասունքի’ Հայաստանի Հանրապետության կործանման:
Կրկին անգամ դատապարտելով ՀՀ իշխանական մարմիններ ներթափանցած օլիգարխիկ ու հանցավոր տարրերին, հույս ենք հայտնում, որ մեր իշխանություններում գործող ողջամիտ գործիչները կսթափվեն և իրենց մեջ բավարար ուժ գտնելով, կհամագործակցեն արտակառավարական մտավորական ու քաղաքական գործիչների, հանրապետության ու սփյուռքի կարող ու նվիրյալ ներուժի հետ՝ փրկարար ծրագրերով երկիրը աստիճանաբար այս կործանիչ ընթացքից դուրս բերելու համար:
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
3 հուլիսի 2012թ.
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա»
Հետևեք մեզ նաև Telegram-ում