Կմիանա՞ արդյոք ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությանը
Նմանատիպ
«Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին՝ «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այս մասին Lurer.com-ին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Նա ասաց.
««Ժառանգության» առաջարկով ընդդիմադիր ուժերը եկան մի եզրակացության. Հարսնաքարի միջադեպի ուսումնասիրությունը պետք է ունենա որոշակի ընթացք, այսինքն՝ լինեն խորհրդակցություններ, որոնք հնարավորություն կընձեռեն ծանոթանալ միջադեպի բոլոր մանրամասներին թե իրավական, թե քաղաքական ամբողջ դաշտում։ Եվ մենք երեք ուժերով՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», որոշեցինք հրավիրել կոմպետենտ մարմինների ղեկավարներին՝ մանրամասներին ծանոթանալու համար։ Վահե Ավետյանի դեպքը ընդամենը առիթ էր, իսկ բուն պատճառը հանրապետությունում տիրող անպատժելիության մթնոլորտն է»։
Այն հարցին, թե ԲՀԿ-ն միանալու է այս նախաձեռնությանը, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունը պարզ կլինի վաղը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով նույն հարցին, պատասխանեց.
«Ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ պատգամավորները պաշտոնատար անձանցից հարցի քննարկում իրավունք ունեն պահանջել առնվազն տասը օրվա ժամկետում։ Պատգամավորը իրավունք ունի պահանջել իր բարձրացրած հարցի քննարկումը և ստանալ գրավոր պատասխան առնվազն տասը օրվա ընթացքում։ Մենք ուզում ենք քննարկումն անցկացնել բոլորի հետ ու ԱԺ-ում, դրա համար էլ դիմել ենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նախալսում կազմակերպելու համար։ Իսկ ինչու ենք դիմել այդ ֆորմատին՝ քանի որ արտահերթ լսումները կազմակերպելու համար հնարավոր է չկարողնանաք հավաքել պատգամավորների 1/3-ի (44) ստորագրություն։ Քննարկումներից կբխեն հետագա քայլերը»։
Անդրադառնալով Լurer.com-ի հարցին, թե պատրաստվում են այս երեք խմբակցությունները դիմել ԱԺ-ին՝ գործի առնչությամբ հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկով, Փոստանջյանը պատասխանեց՝ հատուկ հանձնաժողովի ստեղծումը արդեն մյուս փուլերում կարող է լինել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում