Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից

Քիչ առաջ Հանրապետական պատգամվոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդ-ների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:
Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:
Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:
Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել էր ՀՀ նախագահի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում