Իրաքի նախագահը երախտագիտություն է հայտնել միջազգային դաշինքի երկրներին

Իրաքի զինված ուժերի, քրդական բեշմերգի և ազգային ջոկատների համագործակցության արդյունքում հաջողվել է դադարեցնել ԻԼԻՊ-ի հարձակումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում: «Մեզ նաև հաջողվել է ազատագրել քաղաքներ և հանել մի քանի բնակելի տարածքների շրջափակումը»,- նշել է նախագահը:

Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հանրությանը ցուցաբերվող օգնության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: Նախագահը նաև ավելացրել է, որ ԻԼԻՊ-ին հնարավոր է ոչնչացնել միայն միասնական համընդհանուր ճակատով, որը կարող է պայքարել նրա անդամների, կազմակերպիչների և ֆինանսական ռեսուրսների դեմ:

Ֆուադ Մաասումի խոսքով՝ իրաքյան ուժերը պատրաստ են վերականգնել երկրի անվտանգությունը, որն էլ կդառնա կարևոր քայլ ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար:

ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն արդեն մի քանի օր օդային հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ իրեն աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում