Իրանը պատրաստ Է ԻՊ-ի ուժերի դեմ գրոհել Իրաքի տարածքում

Իրանական զորքերը պատրաստ են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ գրոհել Իրաքի տարածքում, եթե նրանք մոտենան Իսլամական Հանրապետության սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին Թեհրանում հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ահմադ Ռըզա Պուրդաստանը:

Նա ընդգծել է, որ իրանական բանակը պատրաստ Է պաշտպանել երկրի արեւմտյան սահմանները, որոնք գտնվում են ԻՊ-ի՝ ահաբեկիչների կողմից վերահսկվող Իրաքի շրջանների մերձակայքում: «Եթե զինյալները փորձեն մոտենալ Իրանի սահմանին, ապա մեր ստորաբաժանումները նրանց կհարվածեն այն ժամանակ, երբ նրանք կգտնվեն դեռ Իրաքի տարածքում»,-ասել Է Պուրդաստանը:

«Մենք զգալիորեն ամրապնդել ենք Իրանի սահմաններում տեղաբաշխված մեր զորամիավորումները եւ բարձրացրել նրանց մարտական հզորությունը»,-ընդգծել Է գեներալը:

Ահմադ Ռըզա Պուրդաստանը հայտնել Է, որ ամենամոտ ժամանակներս հանրապետության սահմանամերձ շրջաններում պլանավորված են զորավարժություններ, որոնց ընթացքում զանգվածաբար գործի կդրվեն իրանական անօդաչու թռչող սարքերը: Սովորաբար դրանք օգտագործվում են հետախուզական նպատակներով: «Մեզ չեն կարողանա հանկարծակիի բերել»,-հայտարարել Է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում