Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի հերոսի կոչում է շնորհել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գխավոր վարչությունից։

Իր խոսքում Նախագահը կարևորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի և Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց Մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատևել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:

Իսկ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Բակո Սահակյանը բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների  հերոսական գործը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում