Հայանպաստ հայտարարությունը ստորագրած թուրք մտավորականներին սպառնում են սպանել

Հայերի նկատմամբ ատելություն և խտրականություն պարունակող պատմության դասագրքերը գործածությունից հանելու վերաբերյալ հայտարարության տակ ստորագրած թուրք մտավորականներից Մուրաթ Բելգեն և Այդըն Էնգինը սկսել են մահվան սպառնալիքներ ստանալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Նրանց կյանքին սպառնացող վտանգի մասին հայտնի է դարձել թուրքական «T 24» լրատվականի խմբագրատան առջև նետած գրությունից, որում զգուշացվում էր, թե որոշակի անձինք արդեն հանձնարարություն են ստացել սպանել լրագրողներին: Փորձելով պարզաբանել իր հասցեին հնչած սպառնալիքները` Մուրադ Բելգեն նշել է, որ ամենայն հավանականությամբ դա պարզապես նպատակ ունի վախեցնել իրեն:

Թուրք շուրջ 100 մտավորականներ ավելի վաղ համատեղ հայտարարություն են ստորագրել` պահանջելով թուրքական իշխանություններից գործածությունը դադարեցնել և դպրոցներից հավաքել պատմության այն դասագրքերը, որոնցում կան խտրական և ռասիստական արտահայտություններ հայերի նկատմամբ: Մտավորականները, գրողները, ակադեմիկոսները և արվեստագետներն իրենց հայտարարության մեջ ընդգծել են, որ նմանօրինակ գրքերի առկայությունն իսկական ամոթ է: Նրանք նշել են, որ հեղափոխության պատմության և պատմության դասագրքերը պետք է անմիջապես հավաքվեն գլխավորապես հայ աշակերտներից, և իշխանությունները պետք է ներողություն խնդրեն նրանցից: Մտավորականների համոզմամբ` 2015 թվականին ընդառաջ հենց այդտեղով պետք է անցնի դեպի խաղաղությունը տանող ուղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում