Հունաստանը համագործակցության տարբեր ոլորտներ առաջարկեց հայ գործարարներին

Հունաստանը հաղթահարում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները և պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ: Այս մասին հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հունաստանի «Էնթերփրայզ Գրիս» ընկերության գլխավոր տնօրեն Արիստոմենիս Սիգրոսը: Նա տեղեկացրեց, որ Հունաստանից ժամանել են 15 ընկերությունների պատվիրակություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և սարքավորումներ, մետալուրգիա, անշարժ գույք, հեռահաղորդակցություն, հագուստի արտադրություն, գյուղատնտեսություն և առևտուր, տուրիստական ծառայություններ: «Մենք այսօր հնրավորություն ունենք հանդիպելու միմյանց, և համոզված եմ, որ այդ հանդիպումները արդյունք կտան: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ խոսել նոր Հունաստանի մասին, որը դուրս է գալիս ժամանակակից պատմության մեջ ամենածանր ճգնաժամից և պատրաստ է համագործակցել նոր պետությունների հետ» ,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Արիստոմենիս Սիգրոսը հայ գործարարներին պատմեց Հունաստանի տնտեսության վերականգնման ուղիների մասին և նշեց, որ Հունաստանի վարած ռազմավարության արդյունքում ուղղակի ներդրումները դարձել են երկրի զարգացման գրավականը: «Վերջին տարիներին Հունաստանի կառավարությունը նոր ծրագիր է իրականացնում, որը նպաստում է Հունաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը: Դրա շնորհիվ երկրի պետբյուջեի դեֆիցիտը վերջին տարիներին կրճատվել է ՀՆԱ-ի 12 տոկոսի չափով: Հունաստանը վերադարձել է միջազգային շուկա և վերականգնել իր տեղը»,- ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում