Թուրքիան հարյուրավոր քրդերի արգելել է մտնել Սիրիա

Թուրքական ռազմական ոստիկանությունը հարյուրավոր քրդերի թույլ չի տվել հատել Սիրիայի սահմանը, որպեսզի օգնության հասնեն իրենց ընկերներին և ընտանիքներին, որոնք պայքարում են ԻԼԻՊ կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել նրանց ցրելու նպատակով: Ավելի վաղ` սեպտեմբերի 29-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Թուրքիան զրահատեխնիկա է հավաքել սահմանի մերձակայքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ նախօրեին ռումբեր էին ընկել թուրքական չբնակեցված գյուղի տարածքում:

Մեկ շաբաթից ավելի է իսլամիստները հարձակում են գործել և 3 կողմից շրջափակել Այն ալ Արաբ քաղաքը: Ավելի քան 150 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻԼԻՊ կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատեն Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորությամբ, թուրքական սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում