«Ես սերմ եմ ցանում ամեն օր իմ սաների մեջ և վստահ եմ, որ տարիներ հետո պտուղ է տալու». կայացել է «Գաղափարի ուժը» ֆիլմի պրեմիերան (տեսագրություն)
Նմանատիպ
Սեպտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմի պրեմիերային, որտեղ ներկայացվում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի ղեկավար, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի մարտական և պատերազմական ուղին, ինչպես նաև իր հիմնած մարտադպրոցի անցյալը, ներկան և ապագան:
Ինչպես մի առիթով ինձ հետ զրույցում նշեց Գևորգը, սպորտը մարզում է մարդուն, մարտարվեստը պատրաստում է նրան ֆիզիկապես և հոգեպես:
«Ժամանակին մենք զենքով էինք պայքարում, հիմա մեզ գիտելիք է պետք: Ես սերմ եմ ցանում ամեն օր իմ սաների մեջ և վստահ եմ, որ տարիներ հետո պտուղ է տալու և մենք ավելի «մաքուր» և ինքնուրույն սերունդ ենք ունենալու, իսկ մեծերը ստիպված են լինելու հնազանդվել: Իմ դպրոցում չեն մտածում, որ նախագահը վատն է, իրանք գիտեն, որ պիտի այնպես ապրեն, որ վատը չլինեն: Դաստիարակության խնդիր ունենք այսօր: Ես հիմա մեր հայկական այբուբենի, հավատքի վրա մարտարվեստ եմ մշակել, ինչի Բուդդայի առաջ խոնարհվենք, եթե կա Քրիստոս, մեր առաքելական հավատքը»,-շարունակեց նա:
Հավելենք, որ Գևորգ Գևորգյանն արևելյան մարտարվեստով զբաղվել է դեռևս 7 տարեկանից, իսկ արդեն 1996-2005թթ.-ին մարտարվեստի ոլորտում իր գիտելիքների զարգացմամբ` մասնակցելով միջազգային սեմինարների: Միաժամանակ, դասավանդել է մարտարվեստի տեսություն, գործնական պարապմունքներ անցկացրել տարբեր ֆեդերացիաներում։ Ի դեպ, նա 12 ընտրյալներից մեկն է, ով պատերազմը չավարտած մի քանի ամիս անցկացրել է Տիբեթում: Իսկ 2012 թվականի մարտի 20-ին Հյուսիսային Շաոլինի կողմից ճանաչվել է քսաներորդ մարդը ամբողջ աշխարհում` որպես մարտարվեստի ոլորտում նոր ոճի հիմնադիր։ 2010 թ.-ին հիմնադրված «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի ամենափոքր սանը 5 տարեկան է, ամենամեծը` 70: Ընտրությունը շատ խիստ է կատարվում. 100 հայտից կարող է ընդունվել 1-2-ը:
Ինչ վերաբերում է Գևորգյանի պատերազմական կենսագրությանը, ապա 1989 թվականի ապրիլի 25-ին Թատերական հրապարակից անդամագրվել է ՀԱԲ-ին, երբ հազիվ 14 տարեկան էր: Ընդունեցին, որովհետև իր խոսքերով ասած՝ պինդ, դուխով և բիթի տղա էր` Հրապարակի մոտ ծնված ու մեծացած: Տասնհինգ տարեկանում արդեն դիրքապահ էր` 15 օր Երևանում էր,15 օր դիրքերում, արդեն տասնվեցում մարտական լուրջ առաջադրանքներ էր կատարում: Մասնավորապես՝ իրականացրել է մի շարք հետախուզական գործողություններ: Շատերը կարծում էին, թե սրանց տակ տարբեր մարդիկ են թաքնված, մինչդեռ այստեղ գլխավոր և միակ «մեղավորը» 16-ամյա Գևորգն էր:
Ընկերների մարտի գնալուց առաջ անցնում էր թշնամու թիկունք, հետախուզում տարածքը և գործողությունների պլանի մշակման հիմքեր տրամադրում հրամանատարությանը: Ինչի արդյունքում էլ ստացավ մարտական իր մականունը` «ռազվեդկի գիժ»։
Այսօր պատերազմում կուտակած իր այս փորձը Գևորգը՝ իր մարտական ընկերների հետ միասին, ամենայն մանրամասնությամբ փոխանցում է իր դպրոցի սաներին: Նրանց իրենց խորհուրդներով օգնում են նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում