ԵԽ նախագահ. «Հայաստանը լուրջ և շոշափելի առաջընթաց է գրանցել մրցակցային ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ»
Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին եւ գրանցված առաջընթացին:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են եւ գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, ինչի վկայությունը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է եւ փոխայցերը:
Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել ելույթ ունենալ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում եւ իր այցը կարեւորեց հատկապես այն առումով, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում, ինչը նոր հեռանկարներ է բացում առաջիկայում ԵՄ-Հայաստան ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց ոլորտային բարեփոխումները եւ օրենսդրության մոտարկումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման եւ հետընդունման (ռեադմիսիայի) պայմանագրերի շուրջ բանակցությունների ակտիվացումը: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին’ Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեց մրցակցային եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանը լուրջ եւ շոշափելի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց ԵՄ-ՀՀ ԱԺ համագործակցության խորացումը’ նշելով, որ 2011թ այդ առումով կարեւոր ու արդյունավետ տարի էր եւ համոզմունք հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի հետ փոխգործակցությունը էլ ավելի կզարգանա եւ կխորանա:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ եղանակով կարգավորմանը’ ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակում:
«Մենք կարեւորում ենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար մերժում է նման մոտեցումները, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը հանգեցնում է նաեւ լարվածության աճի եւ շփման գծում նոր զոհերի»,-նշեց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների համարժեք գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ անընդունելի պահվածքին:
Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես կարեւորեց հիմնախնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցությունների արդյունքում’ ընդգծելով, որ չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացումը: Նա ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը խաղաղ եւ համերաշխ տարածաշրջան ունենալու ուղղությամբ: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման գործում:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում