ԱԺ քառօրյա. Օր երրորդ. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ օրը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումը խորհրդարանն ավարտել է նախորդ օրը կայացած նիստի ընթացքում: Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին կայացած նիստում ավարտել է 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի քննարկումը, որով նախատեսվում է իտալական ստորաբաժանումների կազմում հայ խաղաղապահներ ուղարկել Լիբանան:
Խորհրդարանն ավարտեց նաև ԱԺ մի խումբ պատգամավորների հեղինակած՝«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:
Ավարտվել է նաև արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացված՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀԱԿ խմբակցության պատգամավորները: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի զինված ուժերը չեն կարող օգտագործվել արտակարգ դրության ժամանակ, բացառությամբ տարերային աղետների դեպքում. այդ դեպքում էլ կարող են օգտագործվել բանակի մարդկային ռեսուրսները, տրանսպորտային միջոցները, սակայն առանց զենք-զինամթերքի:
Ավարտված հարցերի քվեարկությունից հետո խորհրդարանը կշարունակի Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդագրությունը: Հիմնական զեկուցողն է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում