Գերմանիան ուշադիր հետեւում է, թե Թուրքիան ինչ կձեռնարկի Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ

Գերմանիան սպասում է 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու քննարկում, թե ինչ ձեւաչափով եւ որտեղ են մասնակցելու այդ արարողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշում է, որ տարելիցը խիստ հուզումնալից է լինելու հայերի համար: «Միաժամանակ Գերմանիայի համար հետաքրքրական է նաեւ եւ ուշադիր հետեւում ենք, թե Թուրքիան այդ առումով ինչ քայլեր կձեռնարկի: ՀՀ նախագահ պարոն Սարգսյանն արդեն ուղարկել է հրավերներ 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Գերմանիան դեռ չի որոշել, թե որտեղ, ինչպես եւ ինչ ձեւաչափով պետք է մասնակցի այդ արարողություններին: Այդ կապակցությամբ այժմ ընթանում են քննարկումներ: Մի բան էի ուզում շեշտել: Վերջերս ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շեշտադրեց Ցեղասպանության հարցն ու շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշեմ, որ 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագն ընդունեց հատուկ բանաձեւ: Եթե դուք ընթերցեք այդ բանաձեւը` կտեսնեք, որ շատ հանգամանորեն ներկայացված են պատմական իրողություններն ու այն շատ խորքային հաշվետվություն է»,- ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է նոր բանաձեւի կամ հայտարարության ընդունմանը, դեսպանն ասաց, որ տեղյակ չէ:

Սեպտեմբերի 18-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն ասել էր, որ 2015թ. կկազմակերպվի քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նախատեսվում է, որ խորհրդարանականները կընդունեն նաեւ բանաձեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում