Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտել է «իսլամական պետության» կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը

Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով և զայրութով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը և արտերկրի հարցերով եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերն իրենց կարեկցանքն են հայտնել. «Մենք գիտենք, որ այս եկեղեցին նաև Ցեղասպանության հուշահամալիր էր, որն հավերժացնում էր 1915թ. հայ քրիստոնյաների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածի հիշատակը:

Տեղյակ լինելով այս սարսափելի ավերիչ գործողություններին՝ խնդրում եմ վստահ եղեք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ հավատացյալ քույրերին և եղբայրներին, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են իսլամական պետության գործողություններից, և աղոթում ենք նրանց համար»:

Սիրիական Դեյր Էլ Զորի հայկական եկեղեցին, որը հիշեցնում էր 1915թ. ավելի քան 150000 հայերի կոտորածների փաստը, ըստ լրատվամիջոցների իսլամական պետության կողմից հիմնովին պայթեցվել է:

«Մենք մերժում ենք ինչպես «Իսլամական պետության» կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը, այնպես էլ կրոնական և պատմական տեղագրության ոչնչացումը»,- նշել են Շնայդերը և Բոսե-Հուբերը:

«Մենք վստահ ենք, որ եկեղեցիների և հուշավայրերի ավերումը երբեք չի կարող սրբել տեղի ունեցած անարդարության մասին հիշողությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում