Բոլոր նրանք, ովքեր աջակցում են ԻՊ-ին, Մեծ Բրիտանիայի թշնամիներն են. Քեմերոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կռվում են «Իսլամական պետություն» ջիհադիստական շարժման կողմում, Միացյալ Թագավորության թշնամիներն են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քեմերոնի խոսքով՝ նրանց, ովքեր կմերկացվեն իսլամիստների աջակցելու մեջ, դատ ու բանտարկություն է սպասում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք:

Ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության խորհրդաժողովում՝ վարչապետը նաեւ խոստացել Է չեղյալ հայտարարել այն օրենքի գործողությունը, որի համաձայն Մեծ Բրիտանիան դադարեցրել Էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ ահաբեկչության մեջ կասկածվողների վտարումը:

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 30-ին առաջին հարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին: «Տոռնադո» տիպի երկու կործանիչներ Իրաքի հյուսիս-արեւմուտքում ռմբային հարվածներ են հասցրել ԻՊ-ին պատկանող տանկերին ու փոխադրամիջոցներին:

Թռիչքներն իրականացրել են Կիպրոսում տեղակայված բրիտանական ինքնաթիռները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում