Ի՞նչ ես ասում կամ ի՞նչ ես արել մինչև հիմա, որ մի հատ էլ խոսում ես. Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Բաբայանին (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, խոսելով «Շրջանառության հարկի» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, որոնց դեմ են դուրս եկել առևտրականները, իր կարծիքը հայտնեց, թե կառավարության նոր տնտեսական քաղաքականությունը ինչի հանգեցրեց: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Ձեր նոր տնտեսական քաղաքականությունը, տեսանք, ինչի բերեց` Գյումրի, Երևան, հազարավոր մարդիկ, խնդիրներ ու ասում են` չենք ուզում այս օրենքով աշխատել, մի՞թե դժվար է դա պատկերացնել»,-ասաց նա և հավելեց, որ այսօր անձրևի տակ կանգնած վաճառականները դժգոհում են, իսկ կառավարությունն ասում է` չենք փոխելու և վերջ:

Նա հարցրեց` օրենքը մնալու է ուժի մե՞ջ, թե՞ ինչ-որ բաներ փոխվելու են` հանուն դրսում հավաքված քաղաքացիների: «Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում: Եթե դա հասկանալի չէ, ժողովրդի բողոքը մեծանալու է ու հասնելու է անցանկալի հետևանքների»,-զգուշացրեց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին երիտասարդ պատգամավորին պատասխանեց. «Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է: Այդ խոսելու ոճը դուք փողոցից եք բերել այս դահլիճ, երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար»,-կշտամբեց վարչապետը և հավելեց, թե նախքան օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են արվել, մարդկանց բացատրել են ու առանց քննարկման չի ընդունվել այս օրենքը:

«Հիմա այդ ոճը՝ պահանջատիրական, մեզ փողոցով վախեցնելն այս դահլիճում ընդունելի չէ, կարող եք տանել, որտեղ ձեզ հարմար է, այնտեղ քննարկեք,-ասաց նա,– ես ասել եմ նաև իմ կարծիքը ձեր ֆեյսբուքյան էջի ստատուսների մասին, եղեք անաչառ: Այնպիսի ճամբար եք ընտրել, որ դուք այս ժողովրդի մասին մտածող եք, իսկ կառավարությունը` ոչ: Սխալվում եք`մենք ենք մտածում, դուք չէ: Միտինգ անելով, հավաքներ անելով՝ երկրի հարց չեք լուծում: Ժողովուրդը մեզ ընտրել է, որ մենք գործ անենք այս երկրի համար: Հիմա դուք ուզո՞ւմ եք գործ անեք, թե ոչ. խոսքս ուղղում եմ նաև քառյակին: Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, դուք ցանկություն չեք հայտնում քննարկելու: Բա ձեր ցանկությունն ի՞նչն է, ի՞նչ եք ուզում, որ էս երկրում իշխանափոխություն ու հեղափոխությո՞ւն լինի։ Չի լինելու, երկրորդ մարտի մեկ եք ուզում այս երկրում ունենալ»,–ասավ վարչապետը։

Երբ նիստն ավարտվեց վարչապետը դեռևս չանջատված բարձրախոսից շարունակեց. «Ի՞նչ ես ասում կամ ի՞նչ ես արել մինչև հիմա, որ մի հատ էլ խոսում ես, չի կարելի սուտ խոսալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում