Վալենտինա Մատվիենկոն Բաքվում է

Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակությունը՝ պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան:

Այցի ընթացքում Մատվիենկոն պլանավորում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ հանրապետության Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ: Բացի այդ Մատվիենկոն կմասնակցի Բաքվի հումանիտար ֆորումին:

Այցի նախօրյակին լրագրողների հետ զրույցի ժամանակ Մատվիենկոն Ռուսաստանի և  Ադրբեջանի հարաբերությունները որակել է ռազմավարական գործընկերություն: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում»,- ասել է նա:

ԴԽ-ի նախագահը նաև ուշադրություն է դարձել երկկողմ ապրանքաշրջանառության աճի վրա, որը, 2013 թվականի արդյունքներով, հասել է պատմական առավելագույն ցուցանիշի՝ 3,6 մլրդ դոլարի: «Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ առևտրի ծավալն արդեն գերազանցել է 2,2 մլրդ դոլարը»,- հավելել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում