Պուտինը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են կարծիքներ փոխանակել Ուկրաինայում իրադրության զարգացման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ընդգծվել է Մինսկի խաղաղ պայմանավորվածությունների խստիվ կատարման կարեւորությունը, ներառյալ հրադադարի, կողմերի ծանր սպառազինությունների հետքաշման, ԵԱՀԿ-ի գծով իրադրության արդյունավետ մոնիթորինգի ապահովման շուրջ ձեռք բերված համաձայնությունները»,- ճշտել են մամուլի ծառայությունում:

Պուտինը անհրաժեշտ է համարել հետագայում թույլ չտալ ուկրաինական ստորաբաժանումների կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքի քաղաքացիական օբյեկտների գնդակոծումները:

Երկու երկրների ղեկավարները նաեւ «հանդես են եկել ուկրաինական գազի խնդրի շուրջ համաձայնությունների շուտափույթ ձեւակերպման եւ իրագործման օգտին»:

Բացի այդ, «արծարծվել են միջազգային համագործակցության հարցերը ահաբեկչական սպառնալիքի գործում, որը բխում է նախ եւ առաջ «Իսլամական պետություն» արմատական խմբավորումից», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում