Կոնգրեսական Շերմանը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հետ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Կալիֆորնիայում հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ կոնգրեսականի ֆեյսբուքյան էջից, ՀՀ դեսպանի հետ նրանք քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության մի շարք կարևոր, այդ թվում` առևտրին և անվտանգությանը վերաբերող հարցեր: «Հրաշալի է հանդիպել Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանին Կալիֆորնիայի իմ գրասենյակում: Մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում` առևտրի և անվտանգության վերաբերյալ»,- գրել է կոնգրեսականը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ` հավելելով, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու դրա ոլորտների ընդլայնմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում